Մահվան ելքով ավտովթար Սպիտակ–Երևան ավտոճանապարհին (լուսանկարներ)

17:04 • 16.04.12

Այսօր ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Սպիտակ–Երևան ավտոճանապարհին «Միցուբիշի Իօ» մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Դարպաս գյուղի բնակիչ Ասյա Գրիգորյանը, իսկ 3 հոգի՝ Լյովա Գրիգորյանը, Ռուբիկ և Արսեն Ջրոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի