Մարդկանց համոզում են, ստիպում չմասնակցել ՀԱԿ–ի հանդիպումներին. Արման Մուսինյան

16:28 • 17.04.12

Բոլոր վայրերում, որտեղ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անցկացնում է նախընտրական հանդիպումներ, պետական հիմնարկների տարբեր ներկայացուցիչներ ընտրողներին առաջարկում են չմասնակցել ՀԱԿ հանրավաքներին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:


«Շատ նուրբ, հոգեբանական զրույցների միջոցով մարդկանց համոզում են, ստիպում են չմասնակցել կամ տեսանկարահանում են մեր հանդիպումների մասնակից մարդկանց»,- նշեց Արման Մուսինյանը:
Ի դեպ, կայքերից մեկի հաղորդմամբ, օրինակ՝ Իջևան քաղաքում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումը նկարահանել է Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի հեռուստաօպերատոր Մարտիկ Ճաղարյանը, ով, ըստ տեղեկատվության, ողջ ընթացքում նկարահանել է հիմնականում մարդկանց դեմքերը:


Չնայած նման խոչընդոտներին, Ա. Մուսինյանը՝ իրենց նախընտրական հանդիպումներին ընտրողների հաճախելիության մակարդակը նորմալ է գնահատում, բացառությամբ երեկ՝ Մասիս քաղաքում տեղի ունեցած հանդիպումից, որը սակավամարդ է եղել:


Ի պատասխան հարցին, թե նման անուղղակի ճնշումների մասին տեղյակ պահվո՞ւմ է միջազգային դիտորդներին, ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակը նշեց, որ դա «Հայ ազգային կոնգրեսի աշխատանքային խնդիրն է»: