ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մերձեցումն ակնհայտ է. Արմեն Մարտիրոսյան

13:44 • 17.04.12

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր 6-րդ ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Արմեն Մարտիրոսյանը Հայ ազգային կոնգրես և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների համագործակցությունը շատ ակնհայտ է համարում և չի բացառում, որ ԱԺ անցնելու դեպքում նրանք կոալիցիա կկազմեն: «Պրոցեսը շատ ակնհայտ է, մերձեցումն ակնհայտ է: Նույնիսկ տեղեկություն կա, որ ԲՀԿ-ն աջակցել է ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուներին»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ յուրաքանչյուր կուսակցությունն, իհարկե, ազատ է, թե ում հետ կհամագործակցի և դա ցանկացածի գործն է, բայց նրա համոզմամբ պետք է «ընտրողի և քաղաքացու հետ լինել ազնիվ»:

«Կոալիցիա կդառնան, չեն դառնա, դա իրենց գործն է: Իմ տրամաբանությունը դա է հուշում, որ բյուրեղացման պրոցեսը իրենց մոտ գնում է»,-ասաց նա: Նա նաև հիշեցրեց մի քանի հանգամանք, թե արդյոք այդ ուժերը պատասխանատվություն չեն զգում: Ըստ նրա՝ 1996-ին ներդրվեց ընտրակաշառքների ավանդույթը, Դաշնակցության ժամանակ մոնոպոլիան ձևավորվեց, ԲՀԿ-ն մեղավորություն ունի հասարակության աղքատության և փոքր և միջին բիզնեսի խոչընդոտելու համար:


Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը հավատացրեց, որ իրենք չեն միանա նաև Դավիթ Հարությունյանի առաջարկած ձևաչափով միասնական շտաբի ձևավորմանը՝ ընդդեմ ընտրակեղծքիների: «Ոչ, չենք միանա: Ես որպես կուսակցության շարքային անդամ, պատգամավոր, այն կարծիքին եմ, որ մեր ժամանակն այնքան կարճ է, որ պետք է ուշադրությունը հրավիրենք մեր գործը հստակ իրականացնելու համար, և շարժվենք առաջ, կա կոնկրետություն, կա հստակություն,որը բնորոշ է «Ժառանգությանը»»,-ասաց նա: