Եթե կրկին հնարավորություն ընձեռվեր, կանեի նույնը. Բրեյվիկ

18:13 • 17.04.12

Նորվեգիայում այսօր շարունակվել է 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատավարությունը: Նախորդ տարվա հուլիսի 22-ին նա ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա: Կրկնակի ահաբեկչությունների զոհ էր դարձել 77 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դատական նիստում Բրեյվիկը հայտարարել է, որ եթե իրեն նորից հնարավորություն ընձեռվեր, ապա նա կաներ նույնը:

«Այո, եթե կարողանայի, նորից նույնը կանեի»,- ասել է նա:

 

Նա խոստովանել է, որ սկզբնապես իր թիրախն է եղել SKUP լրագրողական հետազոտությունների նորվեգական հիմնադրամի ամենամյա համաժողովը, որն անցկացվել է 2011թ.-ի մարտի 11-ին, սակայն այդ ժամանակ նրան չի հաջողվել իրականացնել իր ծրագրածը:

Բրեյվիկը հայտնել է, որ լրագրողներին համարում է իշխանության ձեռքին գտնվող քարոզչամիջոց, որն աջակցում է իրեն խորթ «մշակութային մարքսիզմի» գաղափարին:


Պատասխանելով դատախազի հարցերին` մեղադրյալը բազմիցս ընդգծել է իր կապն աշխարհի բոլոր նացիստների հետ: Իսկ այն հարցին, թե ով է նրան մարդ սպանելու իրավունք տվել, պատասխանել է, որ «ինքն է նման որոշում կայացրել»:

 

«Կարծում եմ` բոլոր բնիկ ժողովուրդներն ու մշակույթներն իրավունք ունեն գոյատևման պայքար մղելու»,- ասել է նա:

 

Դատական նիստում որպես վկա է հանդես գալիս մոտ 100 մարդ: Նրանցից 46-ն Ուտոյա կղզում իրականացված սպանդից փրկվածներ են, 15-ը` Օսլոյի կառավարական թաղամասից փրկվածներ, 29 վկա էլ հանդես է գալիս պաշտպանական կողմից: Նրանք պետք է ցուցմունքներ տան 16 օրվա ընթացում:

 

Որպես մեղադրող կողմ է հանդես գալիս ավելի քան 770 մարդ (զոհերի հարազատները, տուժողները), որոնց շահերը պաշտպանում են 120 պաշտպաններ և մոտ 150 վկաներ:

 

Նախնական տվյալներով` դատական գործընթացը կտևի 10 շաբաթ: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե դատարանը նրան մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար), իսկ եթե ոչ, ապա ցմահ կուղարկվի հոգեբուժարան: