Հիլարի Քլինթոնը գագաթնաժողովի ավարտը նշել է գիշերային ակումբում, գարեջրով ու պարերով (լուսանկարներ)
Կոլումբիայում Միացյալ Նահանգների Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն «Ամերիկաների գագաթնաժողովի» ավարտից հետո այցելել է կուբական La Havana ակումբ, հաղորդում է Reuters գործակալությունը:
64-ամյա Քլինթոնն ակումբ է այցելել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Ակումբի սեփականատերը պատմել է, որ Պետքարտուղարի համար նախապես սեղան է պատվիրվել, սակայն բարձրաստիճան հյուրի անունը մինչև վերջին պահը գաղտնի է պահվել:
«Ես կարծում էի, որ կգա ինչ-որ շատ կարևոր մեկը, սակայն, որ Քլինթոնը կայցելի, չէի կարծում»,- խոստովանել է ակումբի սեփականատերը:
Նրա խոսքով` Քլինթոնը սկզբում միայն ջուր է պատվիրել, սակայն հետո նրա շրջապատից մեկն առաջարկել է Պետքարտուղարին համտեսել տեղի գարեջուրը, ինչն էլ Քլինթոնը սիրով արել է: Որոշ ժամանակ անց աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը գարեջրի շիշը ձեռքին կուբական Guantanamera-ի հնչյունների ներքո մի լավ «լիցքաթափվել է»:
Քլինթոնի սեղանը սպասարկող մատուցողն ասել է, որ Պետքարտուղարը «լավ ժամանակ» է անցկացրել մեծ շրջապատում` մոտ 10 մարդու հետ, որոնք առատ թեյավճար են թողել` 40 դոլար:
Որքան էլ զարմանալի թվա, Կոլումբիայում անցկացված գագաթնաժողովին միայն Կուբան չի մասնակցել` հրավեր չստանալու պատճառով, ինչն էլ դարձել է քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Ազատության կղզու` գագաթնաժողովին մասնակցությունը պնդել են Բոլիվարիանական դաշինքի երկրները: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան նույնիսկ առաջարկել էր բոյկոտել գագաթնաժողովը, եթե դրան չմասնակցեն Կուբայի ներկայացուցիչները, արդյունքում` նա չի մասնակցել:
Իսկ ԱՄՆ-ի կարծիքով` գագաթնաժողովին մասնակցելու համար Կուբան նախ պետք է կարգավորի երկրում քաղաքական իրավիճակը:












