Ընտրացուցակներից հանվել է 3000 մարդու անուն. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ընտրացուցակներից արդեն երեք հազար մարդու անուն է հանվել:
Ըստ նրա՝ պարզվել է, որ նրանցից երկու հազարը մահացած մարդիկ են, իսկ հազարը հաշվառումից դուրս եկած անձինք:
Հովհաննես Քոչարյանը նաև նշեց, որ անճշտությունների մասին իրենք տեղեկանում են ընտրական շտաբերից և լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններից, ինչպես նաև պարզում՝ սեփական աշխատանքի միջոցով:
«Այս ընթացքում ակտիվացել են նախընտրական շտաբերը՝ և՛ կուսակցությունների, և՛ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների: Նրանք տուն առ տուն են այցելում և ներկայացնում իրենց անճշտությունները»,- ասաց Քոչարյանը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը տեղեկացրեց, որ անճշտությունների մասին համապատասխան մարմիններին տեղեկացնելու ժամկետը մինչև մայիսի 1-ն է։
«Մինչև մայիսի 1-ն անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել անձնագրային բաժանմունք և գրավոր ծանուցմամբ ձեզ կտեղեկացնեն, որ անճշտությունն ուղղվել է»,- հայտնեց Հովհաննես Քոչարյանը:
Մահացած անձանց անունների հայտնվելը ցուցակում, ըստ Քոչարյանի, բնակչության մեղքով է լինում, քանի որ վերջիններս պետական ռեգիստրին չեն տեղեկացնում անձի մահվան մասին. «Կամ եթե մահվան դեպքը դրսում է լինում, այստեղ՝ ռեգիստրին չեն հայտնում, որ մահացել է»,- ասաց նա:
Ընտրողների թվի, մոտավորապես, չորս հարյուր հազարով ավելացումը, ըստ Քոչարյանի, պայմանավորված է հաշվառումից դուրս չգալու հանգամանքով: Այդ մարդիկ, նրա խոսքով, ժամանակավոր բացակայողներն են, որոնց հաշվին էլ աճել է ընտրողների թիվը:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ համաձայն օրենքի, երկրից 6 ամիս ավել բացակայողները նախապես պետք է պետական ռեգիստրին հայտնեն այդ մասին և դուրս գան հաշվառումից, այնինչ՝ դա չի կատարվում:









