ԳԹԿ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ընդունելության քննություններում
Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այս տարի ընդունելության քննություններում ԳԹԿ-ն կատարել է մի շարք փոփոխություններ:
Ըստ նրա՝ դրանցից մեկն էլ ռուսերեն լեզվով միասնական քննություն հանձելու հնարավորությունն է:
«Դիմորդները միասնական քննություն են հանձնում անգլերենով, իտալերենով, իսպաներենով, նույնիսկ պարսկերենով, բայց ռուսերենով չկար: Այս տարի կառավարությունը նախաձեռնեց և նման որոշում կայացրեց»,- ասաց Կարո Նասիբյանն ու ավելացրեց, որ կատարված փոփոխության մասին ուշացումով են իրազեկել դիմորդներին, դա է պատճառը, որ նրանց թիվը 200-ը չի գերազանցել:
Կարո Նասիբյանը նաև նշեց, որ այս տարի ընդունելության քննություններից հետո արդյունքները շատ ավելի շուտ են փակցվելու՝ հուլիսի 15-ին, ի տարբերություն նախորդ տարիների, երբ դրանք փակցվում էին օգոստոսի սկզբին:
Միասնական և ավարտական քննություններն սկսվելու են հունիսի 1-ից, իսկ ներբուհական և բանավոր քննությունները կսկսվեն հունիսի 25-ին և կավարտվեն հուլիսի 8-ին:
Կարո Նասիբյանը տեղեկացրեց նաև, որ մարզերից հայտ ներկայացրած դիմորդները քննությունները հանձնելու են տվյալ մարզկենտրոնում, իսկ Արցախի Հանրապետությունից ներկայացրածները՝ Արցախի հինգ քննական կենտրոններում:
«Փոփոխություն է կատարվել նաև սահմանամերձ և բարձրլեռնային վայրերում բնակվող դիմորդների համար: Ութ տարի շարունակ այդ վայրերում բնակվող դիմորդներն առանձին մրցույթով են ընդունվելու բուհեր և սովորելու են անվճար: Եթե չեն կարողանում ընդունվել, ապա կարող են դիմում ներկայացնել և մեկ անգամ ևս քննություն հանձնել բոլորի հետ միասին»,- տեղեկացրեց ԳԹԿ Մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանն իր հերթին տեղեկացրեց, որ երեք տարուց ավելի զորացրված զինվորները չեն կարող բուհ ընդունվել առանձին մրցույթով: «Իսկ առաջիկայում զորացրվող և բուհ ընդունվել ցանկացողները քննություններին կարող են մասնակցել երկրորդ փուլի ընթացքում, ինչի մասին հետագայում առանձին կտեղեկացվի»,- ասաց նա։
Ընդունելության քննությունների ընթացքում դրական նիշեր հավաքած, բայց չընդունված դիմորդները կարող են նշված բուհում՝ առաջին հայտով, մասնակցել այլ ֆակուլտետների թափուր տեղերի համար հայտարարված քննությանը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս անցողիկ միավոր է համարվելու 7.5-ը, որը չի կլորացվելու:









