Երևանում կցուցադրվեն Խորխե Լուիս Բորխեսի անձնական լուսանկարները
«Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» պետական հանձնաժողովի հրավերով ապրիլի 19-ին Հայաստան կբերվի հայտնի լատինամերիկյան գրող Խորխե Լուիս Բորխեսի լուսանկարների հավաքածուն, որի ցուցադրությունը կսկսվի ապրիլի 23-ից և կտևի մեկ շաբաթ:
Tert.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարության լրատվական վարչությունից և «Ակադեմիա» պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը, տեղեկացրին, որ հավաքածուն, որը ներառում է գրողի անձնական արխիվից շուրջ 120 լուսանկար, Հայաստան է բերվելու նրա այրու՝ Մարիա Կոդամա Շվեյցերի կողմից:
Տեղեկացնենք, որ 1988թ–ից ի վեր Շվեյցերն իր հիմնադրած՝ Խորխե Լուիս Բորխեսի Միջազգային Հիմնադրամի նախագահն է:
Ցուցադրությունը տեղի կունենա Գոռ Վարդանյանի մասնավոր պատկերասրահում:
«Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կկայանա նաև համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի տենոր Անդրեա Բոչելիի երևանյան համերգը:
Tert.am-ի դիտարկմանը, թե՝ այնուամենայնիվ, իտալացի տենորի ժամանումն առնչվում է ավելի շատ երաժշտությանը, քան գրատպությանը, Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը նկատեց՝ սա Իտալիայի երաժշտական ողջույնն է հայ գրատպության 500-ամյակին:
Նման երաժշտական ողջույնով առաջիկայում հանդես կգա նաև Թայլանդի ազգային պարային համույթը: Տեղեկացնենք, որ հաջորդ տարի էլ այս երկիրն է հռչակվելու գրքի համաշխարհային երկիր:
Հիշեցնենք, որ «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» պետական հանձնաժողովի նախագահն է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, իսկ հանձնաժողովի անդամների շարքում են տարբեր ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:










