Սամվել Ֆարմանյանը հրավիրել է իր մրցակցին՝ միասին դիտելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները

00:49 • 17.04.12

Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանը նույն ընտրատարածքում առաջադրված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքը ներկայացնող Վլադիմիր Կարապետյանին հրավիրում է ֆուտբոլային խաղերի դիտման Երևանյան սպորտբարերից որևէ մեկում։ Այս մասին Ֆարմանյանը գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Երկու 90 րոպե, որ հաճույք կպատճառեն բոլորիս և կստիպեն կտրվել նախընտրական թոհուբոհից ու լարվածությունից: Վաղը և հաջորդ օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են՝ Բավարիա-Ռեալ և Չելսի- Բարսելոնա: Իմ անձնական համակրանքը երկու պարագաներում էլ իսպանական գրանդակումբների կողմն է»,– գրել է Ֆարմանյանը:

Վերջինս տեղեկացնում է նաև, որ հրավիրել է Վլադիմիր Կարապետյանին՝ մասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումները: «Սպորտը, առավել ևս ֆուտբոլը, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում միավորել է մարդկանց, անգամ ամենաոխերիմ հակառակորդներին: Շատ ուրախ կլինեմ, եթե պարոն Կարապետյանը համաձայնություն տա իմ նախաձեռնությանը և լինի' մեր ընտրատարածքում, լինի' որևէ Կենտրոնի որևէ սպորտբարում միասին դիտենք հանդիպումները: Կարծում եմ այն կլինի մի փոքրիկ, բայցև կարևոր ազդակ և մեր աջակիցներին և մեր բնակիչներին, որ մենք ընդամենը քաղաքական մրցակիցներ ենք, իսկ կյանքը շատ ավելի լայն է, ու այն ոչ սկսվում և ոչ էլ ավարտվում է ընտրություններով: Մենք, որպես նոր սերնդի գործիչներ, կարող ենք, ու իմ կարծիքով պարտավոր ենք դա անել, ինչքան էլ նախատողներ լինեն: Դա, իմ կարծիքով, շատ ավելին կարժենա, քան իմ կամ իմ մրցակցի հնարավոր հաղթանակը»,– գրել է Ֆարմանյանը: