Գլենդելում կայացել է Մեծ Եղեռնի հիշատակության առաջին միջոցառումը
Ապրիլի 15-ին հարյուրավոր մարդիկ Գլենդելի Սուրբ Մարիամ առաքելական եկեղեցու բակում հիշատակել են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, միջոցառումը, որը առաջինն էր ապրիլին նախատեսված միջոցառումների շարքից, կազմակերպել էր Գլենդելի Հայ երիտասարդների միությունը:
«Թեև մենք սգացել ենք 97 տարի, սակայն այժմ եկել է արդարության համար ավելի շատ պայքարելու ժամանակը: Մենք փրկվել ենք, մենք դեռ ապրելու ենք, դեռ ավելի ենք հզորանալու, և մի օր արդարությունը ծառայելու է մեզ», - միջոցառման ժամանակ նշել է 19-ամյա Վերգինե Թուլումյանը:
«Սա ավելին է, քան հիշատակի տուրք մատուցելը, այն մեր մշակույթի տոնն էր, որը ուղղված էր ցույց տալու, որ մենք գոյատևել ենք», - պատմել է 20-ամյա Շողիկ Ղազանչյանը, հավելելով, որ երիտասարդների մի խումբ էլ մասնակցելու է Սան Ֆերնանդոյում անցկացվելիք «Ժխտման փուլեր» կարգախոսով մոմավառությանն ու հեծանիվների երթին:
Կիթառահար Րաֆֆի Սեմերջյանը, ով 9-ը տարեկանից միացել է Հայ Երիտասարդների միությանը, նշում է, որ հանրային գիտակցության հետ մեկտեղված երաժշտությունը և արվեստը միակ ճշմարիտ միջոցներն են մարդկանց` փոփոխությունների դրդելու համար:









