«Իրավական շտապ օգնություն»՝ ընտրախախտումների բացահայտման համար
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ընտրական գործընթացում։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի տեղեկացմամբ, ընտրական իրավունքի խախտումների հայտնաբերման և անվճար իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործում է 080-080-804 թեժ գիծը։
Քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, խախտման մասին ահազանգերին կարձագանքեն «Իրավական շտապ օգնության» մեքենաները, որոնց կազմում կլինեն մեկական լրագրող, դիտորդ և փաստաբան: Թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հիման վրա մեքենաները կմեկնեն դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն և օգնություն տրամադրելու նպատակով։
Ընտրությունների ընթացքում իրավական նախաձեռնությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հանդես է գալիս 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում 080-080-804 թեժ գծին ստացվել էր մոտ 700 ահազանգ, որից 475-ը գրանցվել էր միայն քվեարկության օրը: Յոթանասուն ահազանգի դեպքում շտապ օգնության մեքենաները մեկնել էին դեպքի վայր, իսկ մնացած ահազանգերին նախաձեռնության իրավաբանները հեռախոսով խորհրդատվություն են տրամադրել:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նկատում է. «Մեր փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ ընտրական տեղամասերում խախտումների տարբեր դրսևորումները կանխվել են միայն «Իրավական շտապ օգնության» խմբի ներկայության փաստի շնորհիվ»:
ՔՀԻ-ի փոխանցմամբ, այս տարի «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունում ներգրավված են 90-ից ավելի լրագրողներ, իրավաբաններ և դիտորդներ: Գործելու է 30 իրավական շտապ օգնության մեքենա, որից 7-ը շրջելու են Երևանում, իսկ մնացած 23–ը՝ Հայաստանի մարզերում։
Ըստ ՔՀԻ հաղորդագրության՝ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը չի հարում ոչ մի քաղաքական ուժի, չունի քաղաքական նախասիրություններ և իր օժանդակությունը պատրաստ է հավասար պայմաններով տրամադրել ՀՀ ցանկացած քաղաքացու և բոլոր քաղաքական ուժերին` պահպանելով անաչառությունը, տրամադրվող ծառայությունների բարձր որակը և քաղաքական չեզոքությունը,-հայտարարում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն:









