Վաղը ՀՔՄ-ում կքննարկվի հանրային միասնական ընտրական շտաբի կառուցվածքը
Հայաստանի քաղաքագետների միությունը (ՀՔՄ) հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վաղը՝ ապրիլի 18-ին կկայանա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հերթական՝ թվով երրորդ լիագումար նիստը։
ՀՔՄ–ից հիշեցնում են, որ լսումների երկրորդ լիագումար նիստում` ապրիլի 11-ին քննարկվել և հաստատվել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի կառուցվածքը և գործունեության ուղղությունները:
«Քաղաքական ուժերի պատասխանատու ներկայացուցիչները ընդունել են ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի առաջարկությունը` լսումների երրորդ լիագումար նիստը, որի ընթացքում հանրությանը կներկայացվի շտաբի անդամների կազմը, անցկացնել ապրիլի 18-ին ժամը 11-ին»,– ասված է ՀՔՄ հաղորդագրությունում:
ՀՔՄ–ից հիշեցնում են նաև, որ սույն թվականի հունվարից Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների տասնըմեկ նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ ՎարդանՕսկանյանը, ՌուբենՀակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:









