Իրանը կստեղծի ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգի այլընտրանքը

17:07 • 17.04.12

Ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգի այլընտրանքի ստեղծումն Իրանի հիմնական խնդիրներից է, այսօր հայտնել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Սարդար Ահմադ Վախիդին` Բանակի ազգային օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ:

 

« С-300 զենիթահրթիռային համակարգի այլընտրանքի կառուցման աշխատանքները սկսվել են, և այս տարվա ընթացքում կհայտարարվեն դրանց արդյունքների մասին»,- ասել է նախարարը:

 

«ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` Վախիդին նշել է, որ այսօրվա շքերթում ռազմական տեխնիկայի ցուցադրությունը բոլորին «ազդանշան» է ուղարկում, որ Իրանն ինքնաբավ ու իրեն պաշտպանելու ունակ պետություն է:

Զորահանդեսն անցկացվել է Թեհրանի մոտակայքում` ԻԻՀ հիմնադիր իմամ Հոմեյնիի դամբարանի մոտ: Այն ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բանակի հրամանատարության ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները: Զորահանդեսին ներկա են գտնվել արտերկրից ժամանած ռազմական կցորդներ:

 

Ռուսաստանը նախորդ տարի հրաժարվել էր Իրանին մատակարարել С-300` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում: