Մրցակիցներ Վլադիմիր Կարապետյանը և Սամվել Ֆարմանյանը միասին ֆուտբոլ կդիտեն

18:18 • 17.04.12

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանն ընդունել է նույն ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ֆարմանյանի հրավերը՝ միասին դիտելու ֆուտբոլի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։


«Վստահ եմ, որ եզրափակիչ է անցնելու Բարսելոնան, ուստի հրավիրում եմ միասին դիտելու եզրափակիչը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վ. Կարապետյանը:

Նշենք, որ Սամվել Ֆարմանյանը, նույնպես երկրպագում է Բարսելոնային:

Ֆուտբոլային դիտումն ուժի մեջ է ընտրությունների ցանկացած ելքի դեպքում, հետևապես, Վլադիմիր Կարապետյանը Ֆարմանյանին հրավիրում է իր տուն, բայց որպես անհատի, այլ ոչ որպես «ռեժիմի ներկայացուցչի»:
Հիշեցնենք, որ երեկ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը դարձյալ սոցիալական ցանցի միջոցով իր մրցակցին ուղղել էր այս հրավերը։


Վլադիմիր Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասել է.«Երկուսս էլ նույն սերնդի ներկայացուցիչ ենք… Սակայն ՀՀԿ-ին անդամակցելու նրա վերջին որոշումն ինձ մոտ մեծ ափսոսանք առաջացրեց»։

Վլադմիր Կարապետյանը, գնահատելով Սամվել Ֆարմանյանի կրթական մակարդակը, չի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդը, ով նաև դավանում է եվրոպական արժեքների ինքնակամ անդամագրվել է «մարդկանց ծեծող և մարդասպաններին պարտակող կուսակցությանը»:


Ընդդիմադիր թեկնածուն, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար Սամվել Ֆարմանյանից ակնկալում է, որ վերջինս՝ իրեն առավել բարձր կդրսևորի իր գաղափարակից Ռուբեն Հայրապետյանից, այսինքն, կլինի իր խոսքի տերն ու Վ. Կարապետյանի հետ կմասնակցի հեռուստատեսային ուղիղ եթեր բանավեճին: