Ադրբեջանի և Հայաստանի պատերազմից կշահի երրորդ կողմը. Լիտվայի նախկին նախագահ
Լիտվայի նախկին նախագահ , Եվրախորհրդարանի պատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսը 1news.az-ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա ընդգծել է, որ ամեն կերպ պետք է խուսափել պատերազմից: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է համբերատար ու հանդարտ քայլեր ձեռնարկի, փորձի ամրապնդել կապերը միջազգային կազմակերպությունների հետ և պարբերաբար նրանց տեղեկություններ տրամադրի հակամարտության մասին:
«Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, ապա կշահի երրորդ կողմը, որովհետև այդ երրորդ կողմը հակամարտող կողմերին զենք ու զինամթերք կվաճառի: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի միայն խաղաղ կարգավորման միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա:
Լանդսբերգիսի խոսքերով` հարևանները պետք է կարողանան ապրել խաղաղության մեջ: Եվրոպայի փորձը ցույց է տվել, որ անգամ ամենաարմատական թշնամիները կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել և աշխատել նույն կազմակերպության մեջ:
Անդրադառնալով երկու երկրների ապագային, եվրախորհրդարանի պատգամավորը կարևորել է անկախության պահպանումը և խորհուրդ է տվել գիշեր ու ցերեկ աշխատել այդ ուղղությամբ:
«Եկեք ռեալիստ լինենք: Հայաստանը երբեք պատերազմ չի սկսի, սակայն նրան կարող են դրդել երրորդ ուժերը: Իսկ Հայաստանն ընդամենը «քավության նոխազ» կդառնա: Դրա համար էլ կարծում եմ, որ պատերազմը լավագույն մեթոդը չէ` խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:
Նա չի բացառել, որ Ադրբեջանի վրա կարող է ճնշում գործադրվել` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա,որ իրեն հրահրեն, այլ պետք է համբերատար սպասի:









