ՄԻՊ-ը քաղաքական ուժերին առաջարկում է համագործակցություն
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այսօր Պաշտպանը հանդիպել է «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների հետ և քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները` առաջարկելով համագործակցություն նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր» կուսակցությունը մասնավորապես մատնանշել է նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաև մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:
Ըստ հաղորդագրության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը հիմնականում բավարարված է նախընտրական զարգացումներով և էական խնդիրներ չի արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա որոշ անճշտություններից:
ՄԻ պաշտպանի հետ հանդիպման առաջարկին, այս պահին, դեռևս չեն արձագանքել «Օրինաց երկիր» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:
Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավարի հետ:









