Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին

15:21 • 17.04.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Մարտինովին:

Ըստ կառավարության հաղորդասգրության՝ վարչապետը ողջունել է հյուրին Հայաստանում և ասել, որ «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք»:

«Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»,– ասել է նա:

Զրուցակիցները կարևորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը՝ Մինսկում:

Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, Հայաստանում հիմնված բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաև գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը:

Կողմերը քննարկել են Երևանի ավտոբուսային պարկը և վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր:

Վարչապետ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարել ադամանդագործության, ատոմային էներգիայի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: