Մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք. Սերժ Սարգսյան

14:36 • 17.04.12

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչների հետ, և իր ելույթւմ նախ նշեց, որ Հայաստանը այնտեղ չէ, որտեղ պետք է լիներ, և որին արժանի են հայերը:


«Մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք, մենք այնտեղ չենք, որին արժանի ենք: Այո, մենք հավակնոտ ենք, բարձր մշակույթն ու քաղաքակրթությունը մեր տունն է, ես իրավունք ունեմ ասելու այս խոսքերը Սուրբ Գրիգոր Տաթևացու տանը: Մենք պետք է մեր բարձր մշակույթով հասկանաք, թե ուր ենք գնում և ուր ենք առաջնորդում մեր ժողովրդին»,- ասաց ՀՀԿ նախագահը:


Սերժ Սարգսյանը նշեց, որ պետության մեջ չկան երկրորդական հարցեր, և ավելացրեց, որ բոլոր ազգերից մենք ենք միայն, որ իրավունք չունենք պառակտվելու:


«Նժդեհն է մեզ առաքել, մենք պառակտվելու իրավունք չունենք: Մեր ծրագրի առանցքը արդարությունն է, իսկ մենք մեկ բան ենք խոստանում, անմնացորդ աշխատել, աշխատել և իրականություն դարձնել մեր ծրագիրը: Ես շարքային գորիսցուն գիտեմ որպես քրտնաջան աշխատող մարդու, և այդ աշխատանքը տալու է իր արդյունքերը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ առաջնորդի խոսքով՝ ոչ ոք չպետք է մտածի միայն հաց վաստակելու մասին. պետք է հարստանալու և շենանալու նպատակ էլ ունենալ:


«Ես ուզում եմ որ դուք հեռուները գնալու անգամ հեռավոր նպատակ չունենաք, ես ուզում եմ Գորիսը տեսնել առևտրային կենտրոնի, այդպիսի Գորիսի համար մենք պատրաստ ենք անմնացորդ աշխատել»,- ասաց Սերժ Սարգսյանը և կոչ արեց տեղացիներին մայիսի 6-ին ընտրել Հայաստանի հանրապետական կուսկացությանը:


Նշենք, որ բոլոր քաղաքներում և թաղամասերում նախագահը միշտ կոչ է անում ոչ միայն ընտրել ՀՀԿ-ին համամասնական ընտրակարգով, այլ նաև մեծամասնական ընտրակարգով տեղում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուին, սակայն Գորիսում նա կոչ չարեց ընտրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Գրիգորյանին:


Հիշեցնենք, որ Մեծամասնական ընտրակարգով Գորիս քաղաքն ու մերձակակա գյուղերն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ՀՀԿ ական Հայկ Գրիգորյանից բացի պայքարելու են նաև ևս երեք հոգի: Այդ ընտրատարածքի գործող պատգամավորն է Ալեքսանդր Սարգսյանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը: