Սերժ Սարգսյանը Սյունիքում ծանոթացավ «Վամաքս» և «Մարիլա» ՍՊԸ-ների աշխատանքներին

12:42 • 17.04.12

Նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ծանոթացավ «Վամաքս» և «Մարիլա» ՍՊԸ-ների` մսի և կաթի արտադրությամբ զբաղվող վերազինված արտադրամասերի աշխատանքների ընթացքին:


«Վամաքս» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2007թ-ից՝ Եվրոպայից ներմուծելով մոտ 280 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի հղի երինջներ։


Այդ նպատակով Եվրոպայից ներմուծվել են 600 հազար եվրո արժողության սարքավորումներ և գյուղտեխնիկա: Կերային բազան մասնակի ապահովելու համար ընկերությունը մոտակա տարածքներից գնել և վարձակալել է մոտ 500 հեկտար դաշտային տարածքներ, ինչպես նաև ամեն տարի Արցախից, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններից գնում է մոտ 150 մլն դրամի խոտ և հացահատիկային անասնակեր: Ընդհանուր առմամբ` ընկերությունում կատարվել են մոտ 2.5 մլրդ դրամի ներդրումներ:


Լրագրողների հետ զրույցում «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ոսկանյանը նշեց, որ կաթի վերամշակման նոր արտադրամասը հագեցած է հիմնականում Գերմանիայից ներկրված ժամանակակից տեխնիկայով:


«Նոր արտադրամասի հզորությունը թույլ է տալիս օրական մշակել 15 հազար լիտր կաթ, քանի որ մեր ունեցած արտադրամասը չի բավարարում կաթի արտադրության այն ծավալներին, որոնք մենք ունենք: Մեր արտադրանքը հանրապետական տարածում ունի ու հիմնական մասը տեղափոխվում է Երևան, որտեղ ունենք նաև ֆիրմային խանութ»,- տեղեկացրեց Սուրեն Ոսկանյանը:


Ընկերությունը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ընկերության հետ` մոտ 1 մլն եվրո արժողությամբ կաթի վերամշակման հոսքագիծ գնելու համար` 16 տոննա օրական վերամշակման հնարավորությամբ: Այժմ գերմանացի մասնագետների մասնակցությամբ կատարվում են հոսքագծի մոնտաժման աշխատանքները: