Սերժ Սարգսյանն այցելեց Գորիսի «Սոցիալական տուն» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի 2-րդ օրը, այցելեց Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ Գորիսի «Սոցիալական տուն» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ:
Նախորդ տարվանից սկսվել և այս տարի շարունակվում է «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի հիմնական՝ «Գորիս-2» փուլը:
Լրագրողների հետ զրույցում շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրեն Վարդան Միրզոյանն ասաց, որ շենքում լինելու են 1, 2 և 3 սենյականոց 20 բնակարաններ, որոնք ամբողջությամբ կահավորված կլինեն:
«Բնակարանները նախատեսված են անապահով խավի համար: Բնակարաններում կլինի սանհանգույց, խոհանոց, և ընտանիքը կկարողանա, պարզապես, ստանալ բանալիներն ու նշել բնակարանամուտը»,- ասաց Վարդան Միրզոյանը
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 183 մլն դրամ: Գորիսում սոցիալական բնակարանների իրականացման ծրագիրն սկսվել է դեռ 2005 թ-ին: Այդ ժամանակ իրականացվեց «Գորիս-1» պիլոտային ծրագիրը, որի արդյունքում կառուցվեցին երկու երկհարկանի սոցիալական տներ` 13 բնակարաններով, որոնք բնակեցվել են հիմնականում փախստականներով և համայնքի սոցիալապես խիստ անապահով ընտանիքներով:
Այս տարի «Գորիս-2» ծրագրով կառուցվում է մեկ եռահարկ շենք, որն ունենալու է 20 բնակարան, ժամանցի ընդհանուր սենյակ և նկուղային տարածք:
Շահառուների ընտրության հարցում առաջնահերթությունը տրվում է ժամանակավոր տնակ-կացարաններում բնակվող ընտանիքներին՝ ելնելով նախօրոք մշակված շահառուների ընտրության չափորոշիչներից:









