Պուտինը ցանկանում է վերականգնե՞լ Խորհրդային միությունը. The National Interest
Ամերիկյան The National Interest-ը անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` նախորդ շաբաթ Պետդումայում ունեցած ելույթին, որտեղ նա վարչապետի պաշտոնում իր վերջին ուղերձում «հինգ առաջնահերթություն» էր առանձնացրել նախագահական պաշտոնում իր երրորդ ժամկետի համար:
The National Interest-ի համաձայն` Պուտինի առաջարկած 5-րդ կետը ներառում է եվրասիական տարածքում համագործակցության ամրապնդում ու հզորացում, տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում:
«Մաքսային միության ու Տնտեսական միասնական տարածքի ստեղծումը, իմ կարծիքով, կարևորագույն աշխարհաքաղաքական իրադարձություն է հետխորհրդային տարածքում` Խորհրդային միության փլուզումից ի վեր», - ասել էր Պուտինը:
«Իր նախագահության տարիներին, նաև` վարչապետի պաշտոնում Պուտինը հստակ «եվրասիական տեսլական» է ունեցել` նա Ռուսաստանը դիտարկում է որպես տարածաշրջանի կենտրոն: Նախկին Խորհրդային միության տարածքը եվրոպական ու ասիական «ազդեցության ոլորտների» բաժանելու փոխարեն, Ռուսաստանը կարող է կրկին բարձրանալ համաշխարհային բեմ` որպես գերտերություն` ստեղծելով պետությունների նոր բլոկ, որը հակակշիռ կլինի Եվրամիությանն` Արևմուտքում, և Չինաստանի գլխավորությամբ Ասիային` Արևելքում»,- գրում է թերթը:
Սակայն, ըստ հոդվածագիր Նիկոլայ Գվոզդևի, նման հավակնությունները վտանգ են ներկայացնում:
«Փորձո՞ւմ է, արդյոք, Պուտինը կրկին վերականգնել Խորհրդային միությունը: Նա Դումայում հայտարարել էր, որ հետխորհրդային շրջանն ավարտված է: Նա չի ցանկանում ռեսուրսներ վատնել տարածքի միասնական ամբողջականությունը պահպանելու համար` վճարել Ասիայի կամ Կովկասի բնակիչների բժշկության և կրթության համար»,- գրում է նա` հավելելով, որ Պուտինը, այնուամենայնիվ, ցանկանում է վերականգնել խորհրդային, ինչու չէ նաև կայսերական ժամանակաշրջանի որոշ կապերը, երբ առևտուրը, ռեսուրսներն ու աշխատուժը տեղաշարժվում էին Ռուսաստանի ու հարևանների միջև: Դա թույլ էր տալիս Մոսկվային մնալ տարածաշրջանի տնտեսական կենտրոնը:









