Ռուսաստանը սպառնում է հակազդել ամերիկյան հակահրթիռային համակարգին

13:58 • 17.04.12

Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ տեղակայելու շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները լավագույն կերպով չեն ընթանում, այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մինչ այսօր պայմանավորվածություններ չկան, և եթե չլինեն, ապա, ցավոք, կարող է ամերիկա-նատօական համակարգի դեմ կոնկրետ ռազմատեխնիկական հակազդման միջոցառումներ կիրառելու պահը գալ»,- ասել է փոխարտգործնախարարը:

Վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կողմերը ՀՀՊ-ի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել:

ԱՄՆ-ի` ռազմավարական կայունության ու հակահրթիռային պաշտպանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլեն Թաուշերը ռուսական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման հարցում:

Ռուսաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը սպառնում է «երկրի անվտանգությանը», և ամերիկյան կողմը պետք է իրավական երաշխիքներ տրամադրի: