«Պետք է առաջ գնանք «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» կարգախոսով». Սերժ Սարգսյան
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպեց և ՀՀԿ ծրագրերը ներկայացրեց Սիսիանի բնակիչների հետ:
«Մենք պետք է հիշենք, որ տարաձայնություններն ու բանավեճերը թշնամանքի պաճառ չեն կարող լինել, մենք իրար դեմ չպետք է կանգնենք, կանգնելուց էլ միայն թշնամու դեմ պետք է կանգնենք»,-ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդ տարիներին կատարած աշխատանքի մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանը փաստեց, որ իրենց հաջողվել է բարձրացնել ընտանեկան նպաստը, իր հերթին երեխաների խնամքի համար նախատեսվող նպաստը բարձրացվել է 7 անգամ, իսկ երրորդ ու ամեն հաջորդ երեխայի համար սոցիալական նպաստը` 12 անգամ:
«Մենք մեր հիմնական աշխատանքներն ուղղելու ենք դեպի մարզերը: Մենք այժմ հնարավորություն ունենք մեր ուշադրությունը սևեռելու հանրապեության յուրաքանչյուր քաղաքացու վրա: Մենք ստեղծելու ենք համապատասխան գործարար միջավայր ու դա կապում ենք հարմարավետ գյուղի գաղափարի հետ: Մեր ճանապարհը շատ դժվար է ու պետք է առաջ գնանք «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» կարգախոսով»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սիսիան քաղաքից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Գորհայք համայնք, որտեղ հանդիպեց ու զրուցեց տեղի և հարևան համայնքների բնակիչների հետ:









