19 տարի առաջ հենց այս օրը զոհվեց հրամանատար Շահեն Մեղրյանը
«Մենք միասին ենք, մենք եղբայներ ենք, մենք պետք է ազատագրենք մեր հողը՝ մեր Շահումյանը»: Ահա, այս խոսքերով էր Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը ոգեշնչում իր զինվորներին:
Այսօր լրանում է նրա մահվան 19-րդ տարելիցը: 1993թ-ի հենց ապրիլի 17-ին էր, որ նա, ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու նպատակով, ռազմական ուղղաթիռով Շահումյանից Հայաստան գալիս զոհվեց իր հերոս պարտիզանների հետ:
Օրվա առիթով, այսօր եռաբլուր՝ Շահեն Մեղրյանի շիրիմին այցելելուց հետո, մեծարման ցերեկույթ կազմակերպվեց Կամերային երաժշտության տանը: Այստեղ էին հրամանատարի ընտանիքը, ռազմական ընկերները, ՊՆ ներկայացուցիչներ և այլք:
Շահեն Մեղրյանի փոքր եղբայրն ու մարտական ընկերը՝ Պետրոս Մեղրյանը, պատմեց, թե ինչպես իր եղբայրը մտավ պայքարի մեջ և Շահումյանը ազատագրելու ամբողջ բեռն վերցրեց:
«Երբ որ Շահումյանի երեք գյուղերը արդեն վերցրել էր թշնամին և երբ սովետական միությունը փլուզված էր, այդ երեք գյուղերը լրիվ մեր ուժերով վերցեցինք՝ նրա հրամանատարությամբ»,- ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով ինչու Շահեն Մեղրյանը չի ստացել ազգային հերոսի կոչում, Պետրոս Մեղրյանն ասաց. «Հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այն ինձ համար էլ է շատ նուրբ։ Բայց նա ստացել է և Ղարաբաղի, և Հայաստանի «Մարտական առաջին խաչ» շքանշան»:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը իր խոսքում նշեց, որ Շահեն Մեղրյանը հատկապես աչքի էր ընկնում նրբանակատությամբ ու ինքնատիրապետմամբ:
«Հատկապես պատերազմի դաշտում ծանր ու պատասխանատու է որոշում կայացնելը: Կրկնակի դժվար է, քանի որ գիտես, որ քեզնից շատ բան է կախված: Շահենը առաջիններից էր, որ գիտակցեց ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտությունը: Նա նաև կազմակերպեց Շահումյանի շրջանի ժողովրդի տնտեսական խնդիրներրը»,-ասաց նա:
Ցերեկույթի ընթացքում անդրադարձ եղավ նաև Շահեն Մեղրյանի գրած վերջին նամակին, որն ուղղված է եղել իր երկու երեխաներին: Նամակում նա իր երեխաներին ասել է, որ շուտով ազատագրելու են Շահումյանը և իրենք դպրոց հենց այստեղ են գնալու:









