Սուրեն Զոլյանը ազատվել է ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից

17:41 • 17.04.12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքից։ Tert.am–ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԵՊԼՀ արդեն նախկին ռեկտորից, սակայն պարոն Զոլյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Նշենք, որ brusov.am կայքում այս պահին տեղադրված է երեկ՝ Սուրեն Զոլյանի ծննդյան օրվա առթիվ նրան ուղղված շնորհավորանքների մասին հաղորդագրություն։ Շնորհավորողների թվում է նաև Արմեն Աշոտյանը, ով Սուրեն Զոլյանին մաղթել է առողջություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք։