Շուրջ 500 թեղուտցիներ փակել են հանքարդյունաբերական գործարան տանող ճանապարհը (լուսանկարներ, տեսանյութ)
Թեղուտում մեծ թվով գյուղացիներ են հավաքվել դեպի «Էյ Սի Փի» ընկերությանը պատկանող գործարան տանող ճանապարհի մոտ և իրենց զայրույթն են հայտնում գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տեղում հավաքված են գյուղի բնակիչներից մոտ 500 հոգի։
Ինչպես ավելի վաղ Թեղուտից Tert.am–ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ապրիլի 16–ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Թեղուտ գյուղում։Մասնավորապես երեկ ժամը 21-ի սահմաններում, ըստ Թեղուտ գյուղի բնակիչների պատմածների, իրենց գյուղում «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները գյուղի տարածքում ծեծի են ենթարկել 3 հոգու, որոնցից մեկին՝ Թեղուտի բնակիչ 24-ամյա Հրաչիկ Ղարխմազյանին կոտրվածքներով տեղափոխել են Երևան։ Իսկ երկու հոգի էլ մարմնական վնասվածքներով գտնվում են իրենց տանը։
Շամշյանը հայտնել էր նաև, որ գյուղում իրավիճակը բավական լարված է, ժամանել են Ալավերդու Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որպեսզի պարզվի եղելությունը, թե իրականում ինչ է եղել։
Tert.am–ի հետ զրույցում դեպքի վայրում գտնվող թիվ 31 ընտրատարածքում ՀԱԿ–ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սարգիս Թամազյանը պատմեց, որ գյուղացիները փակել են դեպի «Էյ Սի Փի» ընկերության գործարան տանող ավտոճանապարհը և չեն թողնում, որպեսզի հարակից բնակավայրերից այստեղ աշխատանքի եկած մարդիկ գնան գործարան։ Թամազյանը պատմեց նաև, որ ծեծկռտուքի պատճառը եղել է ծեծված գյուղացիների կողմից վարած մեքենայի բարձրացրած փոշին, ինչի համար էլ նշված գործարանի անվտանգության աշխատակիցները դաժանորեն ծեծել են նրանց։ Իսկ ոտքի կոտրվածք ստացած գյուղացին ծեծվել է անգամ իր կնոջ ու երեխայի աչքի առաջ։ Պատգամավորության թեկնածուի հավաստմամբ՝ միջադեպի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացել են ընդհանուր առմամբ, ոչ թե 3, այլ 5 հոգի։
Թամազյանի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած մարզի ղեկավարությունն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները «Էյ Սի Փի» ընկերության ղեկավարության կողմից հավաստիացում են ստացել, որ մեղավորները կպատժվեն։ Գյուղացիներն էլ իրենց հերթին սպառնացել են մեկ–երկու օրում խնդրի լուծում չտալու դեպքում՝ կրկին դիմել գործարանի ճանապարհը փակելու քայլին։
Սարգիս Թամազյանը պատմեց նաև, որ գյուղացիների վրդովմունքը նաև կուտակված խնդիրների արդյունք է։ Մասնավորապես, գյուղը ոռոգման և խմելու ջրի չլուծվող խնդիրներ ունի, ինչին չի օժանդակում նաև «Էյ Սի Փի» ընկերությունը, որը նաև Թեղուտի նոր հանքավայրը շահագործողն է։
«Գյուղացիները հրաժարվում են հողագործությունից և անասնապահությունից»,– պատմեց Թամազյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ գյուղացիների զայրույթը հարուցում է նաև այն, որ Թեղուտի նոր հանքավայրի շահագործումը, իբրև թե պետք է միտված լիներ գյուղի՝ աշխատատեղերի ապահովման խնդրի լուծմանը, փոխարենը աշխատատեղերի փոքր մասն է բաժին ընկնում թեղուտցիներին, իսկ ավելի մեծ մասը բաժին է ընկնում «դրսից բերված» աշխատողներից, որոնցից են նաև ծեծկռտուքը կազմակերպած անվտանգության աշխատակիցները։
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հավանաբար նշված փաստով կզբաղվի քննչական բաժինը։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









