Թերթ.am–ը՝ նորովի

07:07 • 17.04.12

Թերթ.am-ը ավելի քան 4 տարվա իր գոյության ընթացքում առաջին անգամ հանդես է գալիս նոր տեսքով։ Մի կողմից այս քայլը գուցե ռիսկային է կարճ ժամանակահատվածում ընթերցողի համակրանքին (նաև ակնահաճո լինելու պատճառով) արժանացած մեր նախագծի համար, սակայն մյուս կողմից՝ ժամանակի հետ համահունչ քայլելու՝ ի սկզբանե մեր որդեգրած քաղաքականությունը այն նույնիսկ մի փոքր ուշացած է դարձնում։

Համոզված ենք, որ  Թերթ.am-ի հաջողության մի մասը հենց արտաքին յուրահատուկ ձևավորմամբ է պայմանավորված, քանի որ յուրաքանչյուր ինքնատիպ բովանդակություն պետք է ունենա իր ուրույն ձևը։

Կայքի արտաքին տեսքը, ընդհանուր առմամբ, մեծ փոփոխությունների չի ենթարկվել։ Հիմնական փոփոխությունը թերևս գունային որոշակի «բեռնաթափումն» է, որն արվել է հնարավորինս թեթև և ներդաշնակ համապատկեր ստեղծելու մտադրությամբ։ Մեր խառը և աղմկոտ օրերում բաց կանաչ գույնով համեմված այդ գունային լուծման միջոցով  Թերթ.am-ը թերևս կփորձի յուրովի ապահովել ընթերցողի հանգստության իր չափաբաժինը։

Ոչ մեծ փոփոխություններով հանդերձ՝ փորձել ենք շեշտադրումը նախ և առաջ անել ֆունկցիոնալ լուծումների վրա։ Մասնավորապես, գլխավոր լուրի տակ նախկինում երևում էր ընդամենը 4 կարևոր լուր, և  Թերթ.am-ի «երթից» ուշացած ընթերցողին մնում էր ընդամենը կռահել, թե մինչ այդ էլ ինչն էինք կարևորել մենք։ Այժմ, բացի նշված 4 կարևոր լուրերից, կարելի է գլխավոր էջում տեսնել ևս 4 կարևոր լուր՝ սեղմելով «Մյուս կարևոր նորություններ» հղումը, որը, ի դեպ, տեսանելի է դառնում միայն կուրսորը նրա վրա պահելիս։ Իսկ եթե ընթերցողին հետաքրքրում է 8-ից ավել «կարևոր լուր», ապա անհրաժեշտ է ևս մեկ անգամ սեղմել նույն հղումը։

Մյուս կարևոր փոփոխությունը տեսանյութերի առավել տեսանելի դառնալն է, ինչը պայմանավորված է այսուհետ տեսանյութերին ավելի մեծ նշանակություն տալու՝  Թերթ.am–ի մտադրությամբ։

Որոշակի նորամուծություններ կան նաև լրահոսում։ Մասնավորապես, այստեղ առավել կարևոր նորությունների հղումները կլինեն թավ գույնով, իսկ արդեն ընթերցվածները՝ ավելի բաց։ Լուսանկարներ և տեսանյութեր պարունակող նորությունները հղման վերջում կունենան համապատասխան նշաններ։ Ի դեպ, լուսանկարների դիտումը ևս, հատկապես ֆոտոշարքերի դեպքում, ավելի հաճելի կլինի՝ շնորհիվ Flickr ֆոտոծառայության հետ ինտեգրացված լուծման։

Լրահոսում տեղ գտած մյուս փոփոխությունն էլ այն է, որ նախկինում համապատասխան «սլաքով» վերև կամ ներքև «թերթելու» փոխարեն այժմ կարելի է դա անել մկնիկի անվակի՝ «սքրոլի» միջոցով։

Թերթ.am–ում ավանդաբար ամենասիրված լուծումներից մեկն էլ՝ «ամենից շատ կարդացված նյութերը» այսուհետ հնարավոր կլինի կարդալ ոչ միայն վերջին 24 ժամվա կտրվածքով («այսօր»), այլ նաև 24-48 ժամվա միջակայքի («երեկվա») և վերջին 7 օրերի («շաբաթվա») կտրվածքով։

«Եղանակի տեսություն», «Հարցում», «Տարադրամի փոխարժեք» բաժինները, ինչպես նաև սոցիալական ցանցերի և շարժական տարբերակի ու iPhone հավելվածի համապատասխան նշաններն էլ տեղափոխվել են վերևի՝ առավել տեսանելի մաս։ Հեշտացվել է նաև փնտրման համակարգը, և այժմ կարելի է փնտրումն իրականացնել կոնկրետ ժամանակահատվածի համար։

Մյուս նորամուծությունը նյութերի տակ մեկնաբանության հնարավորությունն է, որը կարելի է անել որպես Facebook–ի օգտատեր։ Իսկ այս քայլը պատահական չէր, որովհետև  Թերթ.am-ը հայաստանյան Facebook–ի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է՝ իր ավելի քան 46 հազար հետևորդներով։

Ընդհանուր առմամբ, թերևս այսքանը։ Բայց սա չի նշանակում վերջ։ Չի նշանակում, որովհետև նոր փոփոխություններ դեռ սպասվում են, և ոչ հեռու ապագայում։

Թերթ.am -ն այսուհետ էլ ամեն ինչ անելու է՝ իր ընթերցողների հոծ բանակին առավելագույն հարմարավետություն և տեղեկացվածություն ապահովելու համար։

Բարի ընթերցում, իսկ մեզ՝ Բարի ԵՐԹ։