Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել ԱՄՆ թեկնածու Ջիմ Էն Քիմը
Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի այսօրվա նիստում կազմակերպության ղեկավարի պաշտոնում ընտրվել է ԱՄՆ-ի թեկնածու, Դարմուդի համալսարանի նախագահ, բժիշկ և մարդաբան Ջիմ Էն Քիմը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Հունիսի մեկից, առաջիկա հինգ տարիների ընթացքում, Ջիմ Էն Քիմը կղեկավարի Համաշխարհային բանկի բոլոր կազմակերպությունները, ներառյալ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը:
Համաշխարհային բանկը մարտի 24-ին ներկայացրել էր ղեկավարի պաշտոնի թեկնածուների պաշտոնական ցուցակը: Բացի Ջիմ Էն Քիմից՝ պաշտոնին հավակնում էին նաև Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան և Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված ավանդույթի համաձայն՝ Համաշխարհային բանկի ղեկավար էր դառնում ԱՄՆ-ի թեկնածուն, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը ղեկավարել է եվրոպական երկրների ներկայացուցիչը:









