Աշոտյանը վաղը ԵՊԼՀ–ում կպատասխանի ուսանողների բոլոր հարցադրումներին
Քիչ առաջ Կառավարության շենքի առաջ բողոք ուսանողների 5 հոգանոց պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում և ուսանողների զրույցին ներկա է եղել նաև Արմեն Աշոտյանը։ Վերջինս ուսանողներին խոստացել է, որ վաղը ժամը 15։00-ին կլինի ԵՊԼՀ–ում և կպատասխանի ուսանողների բոլոր հարցադրումներին, այս մասին Tert.am–ին հայտնեց ԵՊԼՀ–ի ուսանող, 5 հոգանոց խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը։
Ինչպես հայտնել էին ավելի վաղ մեծ թվով Բրյուսովի ուսանողներ այսօր առավոտյան հավաքվել են Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց և իրենց բողոքը հայտնել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ընդունած՝ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու որոշման վերաբերյալ։ Ուսանողները բողոքում էին «Արմեն Աշոտյան, իջի՛ր», «Արմեն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից» և նման այլ վանկարկումներով։
ԿԳ նախարարի մոտ բարձրացած լրագրողների պատվիրակությունն ուսանողներին փոխանցեց, որ Արմեն Աշոտյանը չի իջնի, քանի որ դա անլուրջ է համարում և նրանց է առաջարկել բարձրանալ և ներկայացնել խնդիրը: Այս լուրը ուսանողներն ընդունեցին «Աշոտյան, դու նախարար չես» և «ամոթ» վանկարկումներով: Սրանից հետո նրանք շարժվեցին կառավարության շենքի մոտ:
Ավելի ուշ ուսանողներն իրենց բողոքը շարունակեցին Կառավարության շենքի մոտ։









