Վլադիմիր Կարապետյանը հեռուստաբանավեճի է հրավիրում Սամվել Ֆարմանյանին
Թիվ 2 մեծամասնական ընտրատարածքում ինքնաառաջադրված, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը ցավում է, որ իր պատասխանը մրցակից Սամվել Ֆարմանյանի հրավերին, ընկալվել է, որ ինքը ընդունում է նրա հրավերը՝ միասին դիտելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
«Առհասարակ, համարում եմ, որ դա անհարգալից վերաբերմունքի նշան է մեր ընտրողների նկատմամբ, որոնք ուզում են մեզ հետ ծանոթանալ ուղիղ շփման մեջ, այլ ոչ թե մեզ տեսնեն՝ գարեջուր խմելիս՝ սրճարանում, նախընտրական փուլում: Այն պայմաններում, որ համատարած աղքատության խորացում է, կոռուպցիայի աննախադեպ աճ է: Եվ այդ առումով, մեր քաղաքական մոտեցումները, պատկերացումները մարդկային տեսակի և սկզբունքայնության տեսակի մասին մենք պետք է հայտնենք ուղիղ եթերում »,- Tert.am –ին հայտնեց Վլադիմիր Կարապետյանը:
Նա, օգտվելով առիթից, Սամվել Ֆարմանյանին բանավեճի է հրավիրում ուղիղ եթերում և եթե առաջիկա հինգ օրերին վերջինս չընդունի առաջարկը, ապա Վլադիմիր Կարապետյանը կհամարի, որ իր մրցակիցը խուսափում է բանավեճից:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր քաղաքական գործիչը ֆեյսբուքյան իր էջում ի պատասխան Սամվել Ֆարմանյանի առաջարկի, նրան իր տուն էր հրավիրել՝ միասին դիտելու եզրափակիչը: «Վստահ եմ, որ եզրափակիչ է անցնելու Բարսելոնան, ուստի հրավիրում եմ միասին դիտելու եզրափակիչը»,- գրառել էր Վ. Կարապետյանը՝ ընդգծելով, որ հրավերն ուղղված է անհատի, այլ ոչ «ռեժիմի ներկայացուցչին»: Հավելվել էր, որ ֆուտբոլային դիտումն ուժի մեջ է ընտրությունների ցանկացած ելքի դեպքում:









