«Չկա Զոլյան, չկանք մենք». Բրյուսովի ուսանողները իրենց բողոքն արտահայտեցին նախարարի որոշման դեմ

16:00 • 18.04.12

«Արմեն Աշոտյան, իջի՛ր», «Արմեն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից». այս և նման վանկարկումներով և Վալերի Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկարի պաստառներով, մոտ 200-220 ուսանողներ հավաքված են Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց:


Կրթության նախարարին ուսանողները ներքև են կանչում՝ նրան դիմելով նաև առավել կոպիտ կոչերով՝ «Աշոտյան, շարժի՛ր նստատեղդ»:


Բուհի ուսանողներն այսկերպ իրենց բողոքի ձայնն են արտահայտում բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու՝ Արմեն Աշոտյանի երեկվա հրամանի կապակցությամբ և պահանջում են նրան վերականգնել բուհի ռեկտորի պաշտոնում: Այս դիրքորոշումն արտահայտվում է նաև ուսանողների ձեռքին եղած պաստառներից մեկով. «Չկա Զոլյան, չկանք մենք»:


Նշենք, որ քիչ առաջ ուսանողների պահանջին արձագանքեց ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ով իջավ և ուսանողների 10-15 հոգանոց խմբին առաջարկեց բարձրանալ վերև՝ Արմեն Աշոտյանի հետ հարցը քննարկելու: Սակայն առաջարկը մերժվեց: Ուսանողները պատրաստվում են իրենց բողոքի ակցիան շարունակել մինչև աշխատանքային օրվա ավարտը և նշում, որ եթե մինչև վաղը լուծում չտրվի իրենց պահանջին, ապա վաղվանից բուհ կգնան քնապարկերով և դասադուլ են անելու:


Քիչ առաջ ԿԳ նախարարի մոտ բարձրացած լրագրողների պատվիրակությունն ուսանողներին փոխանցեց, որ Արմեն Աշոտյանը չի իջնի, քանի որ դա անլուրջ է համարում և նրանց է առաջարկում բարձրանալ և ներկայացնել խնդիրը:
Այս լուրը ուսանողներն ընդունեցին «Աշոտյան, դու նախարար չես» և «ամոթ» վանկարկումներով: Սրանից հետո նրանք շարժվեցին կառավարության շենքի մոտ:

 
 


Ի դեպ, քիչ առաջ ԵՊԼՀ մամուլի ծառայությունը տարածել է բուհի հերթական գիտական խորհրդի նիստի ժամանակ Սուրեն Զոլյանի խոսքի տեսագրությունը։