ԱՄՆ-ն 2 տարով հետաձգել է քիմիական զենքի ոչնչացման ծրագրի ավարտի ժամկետները
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը ևս 2 տարով հետաձգել է քիմիական զենքի պաշարների ոչնչացման ծրագրի ավարտման ժամկետները, լրագրողներին հայտնել է Քիմիական զենքի վարչության պետ Քոնրադ Ուեյնը:
Ըստ նրա` ներկայում հաջողվել է ոչնչացնել թունավոր նյութերի պաշարների 90%-ը` 29.900 տոննա ծավալով: Մնացել է ոչնչացնել Կոլորադո նահանգում պահեստավորված մոտ 2.600 տոննա իպրիտի (մանանեխ գազ) և Կենտուկի նահանգում պահեստավորված 523 տոննա նյարդապարալիտիկ թունավոր նյութերը:
Ուեյնի խոսքով` այս երկու օբյեկտներում շարունակվում են թունավոր նյութերի քիմիական չեզոքացման համար հատուկ սարքավորումների տեղադրման աշխատանքները: Նախագիծը պահանջում է լրացուցիչ 2 մլրդ դոլարի ներդրում:
Սկզբնապես ենթադրվում էր, որ քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները Կոլորադոյում կավարտվեն 2017թ.-ին, իսկ Կենտուկիում` 2021-ին: Սակայն Պենտագոնն այժմ եկել է այն եզրահանգման, որ ժամկետները պետք է երկարաձգել:









