ԱՄՆ-ում 6-ամյա աղջնակին ձեռնաշղթաներ են հագցրել` խուլիգանության համար

13:24 • 18.04.12

Ամերիկյան Ջորջիա նահանգում ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել 6-ամյա մի աղջնակի` մանկապարտեզը «տակնուվրա» անելու համար, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

 

Վեցամյա Սալեսիա Ջոնսոնը սկսել է պոկել մանկապարտեզի պատերի պաստառները, տապալել է ողջ կահույքը, պատից պոկել է նաև գրապահարանը, որն ընկնելով թեթև վնասվածք է հասցրել մանկապարտեզի տնօրենին: Երեխային հանգստացնել անկարող դաստիարակները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները երեխային ձեռնաշղթաներ են հագցրել ու այդպես տարել ոստիկանական բաժանմունք:

 

Այդ պահին երեխայի` մանկապարտեզ այցելած ծնողները սարսափահար են եղել` տեսնելով իրենց «շղթայված» երեխային: Նրանց խոսքով` Սալեսիան ձեռնաշղթաներից ազատվելուց հետո դաստակների ուժեղ ցավ է ունեցել, ինչպես նաև հոգեբանական տրավմա է տարել:



Այս դեպքն առաջացրել է հանրության լուրջ դժգոհությունը: 

 

«Երեխաներին ձերբակալում են միայն նրա համար, որ նրանք իրենց երեխայավարի են պահում»,- ասել է իրավապաշտպան Շենոն Քենեդին:

 

Սակայն իրավապահները գտնում են, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: