Ամերիկուհին «բեմադրել է» իր առևանգումը Մեքսիկայում իր սիրեցյալին այցելելու համար
Արիզոնայի 22-ամյա բնակչուհի Ջեսիկա Ռոդրիգեսի` մորը կատարած հեռախոսազանգի պատճառով հետաքննություն է սկսվել, քանի որ նա հայտնել էր, որ իրեն առևանգել են: Այսպես նա խաբել է մորը, որպեսզի այցելի Մեքսիկայում գտնվող իր ընկերոջը: Այս մասին հայտնում է Foxnews-ը:
Ռոդրիգեսը մորը հայտնել էր, որ իրեն կապել են, փակել աչքերը և տարել անհայտ ուղղությամբ: Մայրը դիմել էր ոստիկանություն:
Նա անհետացած է համարվել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել Արիզոնա նահանգում` Մեքսիկայի հետ սահմանային մի անցակետում:
Իշխանություններին աղջիկը խոստովանել է, որ խաբել է մորը, որպեսզի մեկնի Մեքսիկա՝ իր սիրեցյալ Խեսուս Մոնդրագոնին տեսնելու համար, որը սպանության մի քրեական գործում է ներգրավված: Նա համոզված է եղել, որ մայրը թույլ չէր տա իրեն այցելել սիրեցյալին:
Այժմ Արիզոնայի իշխանությունները հնարավոր է Ռոդրիգեսին պատասխանատվության ենթարկեն՝ կեղծ հաղորդում տալու համար:









