ՄԱԿ-ի դիտորդները Հոմսում են
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի նախագծով Սիրիայում գտնվող դիտորդները սկսել են ուսումնասիրությունները:
Shaam News Network-ը տեղեկացնում է, որ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այսօր եղել են Հոմս քաղաքում: Նրանք ուսումնասիրություններ են կատարել քաղաքում և զրուցել Ջոբար թաղամասի բնակիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, չնայած անցյալ շաբաթ հայտարարված հրադադարին, բախումները սիրիական քաղաքներում և հատկապես Հոմսում շարունակվում են:
Սիրիացի ընդդիմադիրները տեղեկացրել են, որ անցնող օրվա ընթացքում Իդլիբում 3 մարդ է սպանվել: Իսկ դիտորդները հայտնել են, որ հրադադարի հաստատման առաջի օրերին իրավիճակը համեմատաբար հանդարտ է եղել, սակայն վերջին օրերին բախումները դարձյալ ակտիվացել են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սիրիական բանակին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև համագործակցել ՄԱԿ-ի դիտորդների հետ:
Դիտորդական խմբի ղեկավար, մարոկացի գնդապետ Ահմեդ Հիմիշը հայտարարել է, որ պետք է «փոքր քայլերով» առաջ շարժվել:
Բան Կի Մունը պատրաստվում է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել դիտորդների թիվը 250-ի հասցնելու մասին նախագիծը:









