Իտալիայում թանգարանի տնօրենն այրում է կտավները` ի նշան բողոքի
Իտալական Կազորիա քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Անտոնիո Մանֆրեդին, ի նշան պետական մարմինների դեմ բողոքի, այրել է իր թանգարանի կտավներից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թանգարանի տնօրենը, մասնավորապես, դժգոհում է պետության անտարբեր վերաբերմունքից, որը ոչինչ չի ձեռնարկում «տնտեսական ճգնաժամում հայտնված մշակույթը» փրկելու համար: Նման «դաժան» ակցիայով նա փորձում է իշխանությունների ուշադրությունը հրավիրել ժամանակակից մշակույթի խնդիրների վրա և ֆինանսավորում գտնել իր թանգարանի համար:
Տնօրենի առաջին «զոհը» դարձել է ֆրանսուհի արվեստագետ Սևերինա Բուրգինյոնի կտավը, որը Մանֆրեդին այրել է թանգարանի մուտքի մոտ: Կտավի հեղինակն իր աշխատանքի ոչնչացմանը հետևել է համացանցի միջոցով:
Ըստ նրա` այս բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չարձագանքեն իր խնդրանքին:
La Repubblica թերթի համաձայն` հաջորդ կտավը կայրվի այսօր երեկոյան. դա կլինի Ռոզարիա Մատարեզեի կտավը:










