Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը երկու ձեռքով կողմ է «Ֆեյսբուքում» PR քարոզարշավին

15:33 • 18.04.12

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ «Ֆեյսբուքում» քարոզարշավը ոչ միայն նորմալ, այլև ողջունելի է:
Այսօրե լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգն ասաց, որ սոցցանցերը քաղաքական գործիչների անձնական գովազդի զորեղ միջոցներ են:


«Մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել, որ մեր քաղաքական գործիչները լինեն մեկուսացված, ոչ մեկի հետ չշփվող, ու էսօր, երբ մարդը ֆեսբուքի իր պատին բաց դնում է իր ասելիքը և ով՝ ինչ ասես կարող է գրել, հարցնել… դա նաև հասանելության մի ձև է, որին մենք այնքա~ն անսովոր ենք եղել։ Այսօր էլ՝ մի ինչ-որ հատվածի համար դա «նոնսենս է»՝ «ո՞նց թե, մինիստրը ո՞նց կարող է սենց անի»»,- ասաց Կարեն Քոչարյանը:


Վերջինս բերեց ֆեյսբուքյան ամենաակտիվ օգտատերերից Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի օրինակը: Ընդորում, ըստ բանախոսի, սոցցանցերն ու youtube-ը գնալով ավելի են մեծացնելու իրենց ազդեցությունը և 2017-2018 թ.թ. դառնալու են քարոզչության ամենածանրակշիռ միջոցը:


Միևնույն ժամանակ, հայտնի է, որ սոցցանցերը վերջին շրջանում վերածվել են քաղաքական ճակամարտերի վիրտուալ տարածքի, որտեղ տարբեր կուսակցական գործիչներ ԱԺ-ում իրենց բանավեճը շարունակում են միմյանց դեմ ուղղված շատ ավելի կոշտ որակումներով: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները Արմեն Աշոտյանին կոչ էին արել առավել զուսպ լինել՝ «ֆեյսբուքում»:


Կարեն Քոչարյանն այս դիրքորոշումը չի կիսում. «Եթե խոսքը զսպվածության մասին է, ապա մեր քաղաքական դաշտում «հայվանից» բռնած, էլ չգիտեմ ինչով վերջացրած, ի~նչ ասես չեն ասում՝ «մոսկաներից» ու եսիմ ինչից բռնացրած: Այսինքն՝ մնացած տեղերում զուսպ ե՞ն, որ հիմա էլ «ֆեյսբուքում» լինե՞ն»:


Ավելին՝ Կարեն Քոչարյանը համարում է, որ սոցցանցերի գրառումները «գրական գլուխգործոցներ են»՝ քաղաքական դաշտում ասվածի համեմատությամբ: