ԿԺԴՀ-ն այլևս պարտավորված չէ միջուկային փորձարկումների մորատորիումը պահպանել

00:41 • 18.04.12

Փհենյանն այլևս իրեն ազատ է համարում միջուկային և հրթիռային փորձարկումները սահմանափակող, ինչպես նաև ուրանի հարստացումը դադարեցնող` ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագրից, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի երեքշաբթի կատարած հայտարարությանը:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ներկայացուցիչը նաև անարդար է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ի գործողությունները, որոնցով փորձում էին ԿԺԴՀ-ին զրկել արբանյակ ուղեծիր դուրս բերելու իրավունքից:

Հայտարարությունը արվել է ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից` հյուսիսկորեական «Ինհա-3» հրթիռի մեկնարկը դատապարտելու որոշման:

Հյուսիսկորեական դիվանագետը նաև նշել է, որ Փհենյանը հետագայում ևս մտադիր է օգտագործել տիեզերքը ուսումնասիրելու իր իրավունքը:

Բացի այդ, ԿԺԴՀ-ն համարում է, որ ԱՄՆ-ն կրում համաձայնագրի խախտման պատասխանատվությունը:

«Փհենյանը դրա պայմանները կիրառելու պարտավորությունից իրեն ազատ է համարում, քանի որ ԱՄՆ-ն խախտել է հանրապետության ինքնիշխանությունը հարգելու և թշնամական քաղաքականությունից հրաժարվելու իր խոստումը», - նշվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: