Երևանում են մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հարազատները
Այս օրերին Հայաստանում են գտնվում հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռն ու ծոռը` Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը իր որդու` Միքայել Մանթաշևի հետ:
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում, լրագրողների հետ հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնի հայ բարերար Պողոս Նուբար փաշայի պատվին սահմանված ՀՀ սփյուռքի նախարարության մեդալով պարգևատրեց 86-ամյա Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերին:
«Շատ զգացված եմ և հույս ունեմ, որ սա կմիավորի բոլոր սփյուռքահայերին»,- ասաց ֆրանսախոս Մանթաշյանց կրտսերը:
«Ալեքսանդր Մանթաշյանցը եղել և մնում է բարերարության սիմվոլը և ուրախ ենք, որ նրա թոռն ու ծոռն ապրելով աշխարհի եվրոպական մասում՝ շարունակում են իրենց հայ զգալ, չնայած կորցրել են իրենց մայրենի լեզուն»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ինչպես ներկայացրեց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, Մանթաշյանցը ունեցել է 8 զավակ, որոնցից կենդանի են երկուսը, դուստրը` Դարյան և որդին` Ալեքսանդր Մանթաշյանցը:
«Երկուսն էլ ապրում են Փարիզում: Դարյան 92 տարեկան է»,- տեղեկացրեց Սերգո Երիցյանը։
Երրորդ անգամ Հայաստան այցելած մեծ բարերարի հարազատները նշեցին, որ արդեն տեսել են Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը և շատ հավանել:
«Աբովյան փողոցում կունենանք մի արձան, որը մարմնավորում է բարությունը, բարերարությունը և գործարար մարդու հզորությունը: Այն նաև ապագայի խորհրդանիշ է, օրինակ՝ բոլորի համար, ովքեր կարևորում են բարերարությունը»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարար նաև շեշտեց, որ Ալեքսանդր Մանթաշյանցը, հովանավորելով շուրջ 200 ուսանողի, մեծ ավանդ է ունեցել նաև Հայաստանի զարգացման համար, քանի որ այդ ուսանողները վերադարձել են Հայաստան:
Հարցին, ի՞նչ է ,մնացել Մանթաշյանցի հարստությունից՝ որդին համառոտ պատասխանեց. «Ոչինչ»:
Սերգո Երիցյանը նշեց նաև, որ Մանթաշյանցները պատրաստվում են առաջիկա օրերին մեկնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ Ալեքսանդր Մանթաշյանցը պատվավոր քաղաքացի է:
Հիշեցնենք, որ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի բացումը նախատեսված է այսօր, ժամը 17:00-ին:










