Միասնական շտաբի կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մշտական ներկայացուցչին

12:33 • 18.04.12

«Ժառանգություն» կուսակցությունից որևէ ներկայացուցիչ այսօր այդպես էլ չներկայացավ հանրային վերահասկողության միջկուսակցական միասնական շտաբի աշխատանքների հերթական քննարկմանը, չնայած, որ նրանք դեռևս որպես այդպիսին շարունակում են մնալ արդեն իսկ ձևավորված միասնական շտաբի մաս, որի համաձայնությունը ստորագրության տեսքով տվել էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ արդար ընտրություններ անցկացնելու համար միասնական շտաբի ձևավորման առաջարկը Հայաստանի քաղաքագետների միությանն էր:


Կուսակցություններից յուրաքանչյուրն այսօր ներկայացրեց շտաբի իրենց մշտական ներկայացուցչին: ՀԱԿ-ի կողմից միասնական շատբի ներկայացուցիչը ՀՀՇ անդամ Ստեփան Մինասյանն էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էր, իսկ Հայ Հեղափոխական դաշնակցության երկու ներկայացուցիչների անուններ ներկայացվեց՝ Համլետ Աբրահամյանը, որի բացակայության դեպքում նրան կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը, ով այսօր ներկա էր նիստին:


ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ «Ժառանգության» հարցին և նշեց, որ բոլոր դեպքերում այդ կուսակցությանն իրենք համարում են որպես շտաբի լիիրավ անդամ:
«Ժառանգության» ստորագրությունն ուժի մեջ է, քանի որ հակառակի մասին, ոչ մի հայտարարություն չի հնչել, դա նշանակում է, որ նա շարունակում է մնալ շտաբի լիիրավ անդամ»,-ասաց նա և ավելացրեց, որ որոշումները կընդունեն նիստին ներկա անդամների համաձայնությամբ, իսկ «ժառանգությունը» ցանկացած պահի կարող է գալ և մասնակցել որպես լիիրավ անդամ:


ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը նույնպես անդրադարձավ «Ժառանգության» խնդրին և ասաց, որ իր համոմզմամբ՝ այն պահանջները, որ դնում էր «Ժառանգությունը», լուծված է: «Ես համարում եմ այն հարցերը, որ «Ժառանգությունը» ներկայացնում էր ամբողջությամբ լուծված է, երկու կուսակցությունների ղեկավարները հստակ արտահայտվել են և իրենց ներկայացուցչի լիազոր լինելը հաստատել, և պատճառ չեմ տեսնում նրանց չմասնակցելու համար»,- ասաց նա և ավելացրեց, որ այս ձևաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, և եթե որևէ մեկը կցանկանա միանալ, ոչ մի խնդիր իրենք չեն տեսնում:


ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը միայն նշեց, որ իրենք պատրաստակամ են անցնել արդեն գործնական քայլերի և նույնպես կողմ են ոչ միայն «Ժառանգության», այլ նաև մյուս ուժերի մասնակցությանը: Կողմերն առանձնացան արդեն գործնական քայլերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Նիստերը կշարունակվեն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ: