Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Միավորված հայեր» կուսակցություն

12:59 • 18.04.12

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր աշխատանքային խմբով այսօր այցելել է «Միավորված հայեր» կուսակցություն:
Ըստ կուսակցության հաղորդագրության՝ խմբի կազմում են եղել նաև Անդրեասյանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանը, արագ արձագանքման խմբի ղեկավար Անդրեյ Աղամալյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Սիրանույշ Հարությունյանը:


Նրանք զրուցել են կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի հետ: Այցելուները նշել են, որ իրենք բացել են թեժ գիծ` 116 հեռախոսահամարով, որտեղ քաղաքացիները կարող են զանգահարել ընտրությունների հետ կապված իրենց հուզող հարցերով` իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով:
Հեռախոսահամարը գործում է նաև ընտրակեղծիքների բացահայտման համար, որոնց մասին կարող են տեղեկացնել քաղաքացիները:


Նրանք նաև նշել են, որ Հայաստանի տարբեր մարզերում բացել են խորհրդատվական աջակցության կետեր` քաղաքացների ընտրական իրավունքների խախտման դեպքերը կանխելու համար:
Իր հերթին, Ռուբեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին օժանդակության համար և նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել` հանուն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման:


Նա նաև նշել է, որ կուսակցության անդամները նույնպես կբարձրաձայնեն իրենց նկատած թերությունների և կեղծիքների մասին, իսկ իրավաբանական աջակցության առումով չեն անհանգստացնի նրանց, քանի որ ՄՀԿ ցուցակում ներկայացված թեկնածուների մեծամասնությունը հենց իրավաբաններ են և իրենք էլ անձամբ իրականացնում են իրավաբանական աջակցություն ու խորհրդատվություն դիմող բոլոր քաղաքացիների համար: