Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպման էր գնացել ոչ թե հեռախոսով, այլ զենքով. Վարդան Օսկանյան
Նախկին ԱԳ նախարար, ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանը, դատելով նկարներից, կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպման էր գնացել ոչ թե հեռախոսով, այլ զենքով: «Նկարներից դատելով, ինչ-որ ես տեսա, կարծում եմ՝ զենք էր, էլի»,-ասաց նախկին ԱԳ նախարարը:
Չնայած իր այս կարծիքին, այնուհանդերձ, ԲՀԿ անդամ Վ. Օսկանյանը չցանկացավ մեկնաբանել լրագրողի այն հարցը, թե ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը ընտրողների հետ հանդիպման գնում զինված: Փոխարենը, չհերքեց, որ «այդ կադրերն» ինքն անձամբ տեսել է, բայց նաև խորհուրդ տվեց՝ «դրանից մեծ բան չսարքել»:
«Հայաստանում, եթե կա օրինական զենք կրելու իրավունք, ուրեմն, կրելն էլ քո իրավունքն է, այնպես որ, պարոն Ծառուկյանի որոշումն է՝ այդ օրը այդպես գնալ ընտրարշավի: Եթե օրինական է, պետք չէ դրան ուշադրություն դարձնել»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Իսկ թե ինչո՞ւ են ԲՀԿ ներկայացուցիչներն ասում, թե դա հեռախոս է և ոչ թե զենք՝ Վարդան Օսկանյանը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել պարոն Ծառուկյանին:









