Սաուդյան Արաբիայում առանց վճռի մահապատժի է ենթարկվել իրանցի 8 նավաստի

16:35 • 18.04.12

Սաուդյան Արաբիայում առանց դատավճռի մահապատժի է ենթարկվել իրանցի 8 նավաստի, հայտնում է PressTV-ն` վկայակոչելով սաուդյան լրատվական հեռուստաալիքին:


Իրանցիները մահապատժի են ենթարկվել ապրիլի 15-ին, Դամամ քաղաքի բանտում` երկրի ներքին գործերի նախարարության անանուն բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով: Պաշտոնական Էր Ռիադը մինչ այսօր որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

 

Իրանական ձկնորսական նավակը կալանվել էր 6 տարի առաջ, Սաուդյան Արաբիայի ափերից քիչ հեռու չեզոք ջրերում: Նրանց նկատմամբ թմրամիջոցներ պահելու մեղադրանք էր առաջադրվել:

 

Երկու երկրների հարաբերություններն առավել սրվեցին ապրիլի 11-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Աբու Մուսա կղզի այցից հետո, որը համարվում է Իրանի ու Միացյալ Արաբական Էմիրությունների միջև վիճելի տարածք:Երեկ Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարներն այս կապակցությամբ խորհրդակցություն են անցկացրել Էր Ռիադում: