Հայաստանում կձևավորվի ոչ թե «խաղալիք», այլ իրական կոալիցիա. քաղաքագետ
Հայաստանի ներկայիս նախընտրական շրջանը շատ հետաքրքիր է: Այսօր կայացած «Խորհրդարանական ընտրություններ. կանխատեսումներ ու մեկնաբանություններ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` ընդգծելով, որ քաղաքական կուսակցությունների միջև լուրջ մրցակցություն է ծավալվել:
«Եթե խոսել խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, ապա կձևավորվի կոալիցիա, ի դեպ, այս անգամ ոչ թե խաղալիք, այլ իրական: Եթե խոսել, թե որ կուսակցությունները խորհրդարան անցնելու շանսեր ունեն, իսկ որոնք ոչ, ապա, ըստ իս, խորհրդարան կանցնի 4-6 կուսակցություն: Մեծամասնական ընտրակարգով լրջագույն թվով մանդատներ կհավաքեն Հայաստանի հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները»,- ասաց նա:
Ըստ նրա` անկասկած, Ազգային ժողով կանցնեն նաև Հայ ազգային կոնգրեսն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը: Լուրջ շանսեր ունեն նաև «Ժառանգություն»-ն ու «Օրինաց երկիր»-ը:
«Մնացած այլ կուսակցությունների մասով ես կասկածներ ունեմ»,- հավելեց Իսկանդարյանը:
Ըստ նրա` նոր խորհրդարանը կլինի բավական մասնատված:
«Ընտրարշավը, իմ կարծիքով, բավականին աշխույժ է, մրցակցությունը` շատ լուրջ»,- ասաց նա:
Քաղաքագետի հետ համակարծիք է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ով ներկայիս նախընտրական քարոզարշավում մրցակցության 3 դաշտ առանձնացրեց:
«Առաջինը, դրանք այն ուժերն են, որոնք կառավարող կոալիցիայի մաս են կազմում, այսինքն` հիմնական մրցակցությունն ընթանում է այս դաշինքում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Երկրորդը, ոչ խորհրդարանական ընդդիմությունն է, երրորդը, ընդդիմադիր դաշտի ներսում տարվող մրցակցությունն է, որտեղ այս կամ այն ուժը փորձում է իր կողմը գրավել ընդդիմադիր ընտրազանգվածին, կամ այն զանգվածին, որը դեռ չի կողմնորոշվել: Նրանք, տարբեր գնահատականներով, 25-38% են»,- ասել է Մարկարովը:
Ըստ նրա` այս քարոզարշավի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում ներքաղաքական, սոցիալ- տնտեսական խնդիրներին, իսկ արտաքին քաղաքական խնդիրների մասին քիչ է խոսվում:
Խոսելով ընտրությունների արդյունքների` հայ- ռուսական հարաբերությունների վրա ազդեցության մասին, Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
«Բոլոր կուսակցությունների դեպքում, անկախ նրանց հռետորաբանությունց, հայ- ռուսական հարաբերությունների ներկայիս ձևաչափը կասկածի տակ չի դրվի: Ընդհանուր առմամբ, այս ձևաչափը ցանկանում են պահպանել բոլոր կուսակցությունները»,- հայտարարեց քաղաքագետը:
Նրա հետ համակարծիք է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Նրա խոսքով` դրա գլխավոր պատճառն այն իրավիճակն է, որում գտնվում է Հայաստանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Լեռնային Ղարաբաղի շուրջ սրման միտումները:
«Սա պահանջում է, որպեսզի Հայաստանն ունենա անվտանգության ամուր երաշխիքներ, որոնք կարող է տալ միայն Ռուսաստանը»,- ասաց Կռիլովը:









