10 ձու և մեկ ջեմ, ու ձայնը քոնն է. Սուրեն Մովսիսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի անդամ, կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Սուրեն Մովսիսյանն այսօր հրավիրված ասուլիսում, խոսելով ընտրազանգվածին ընտրակաշառք բաժանելու մասին, ասաց՝ 90-ականներին հասարակությանը կաշառել հնարավոր չէր:
«Այսօր հասարակությունը պատրաստ է 10 ձվի և մեկ շոկոլադի համար վաճառել իր ձայնը: Դաստիարակում ենք դեգրադացված քաղաքացի: Մինչդեռ, 90-ականներին հնարավոր չէր կաշառել ՀՀ քաղաքացիներին: Տասը ձու՝ և ձայնը քոնն է, մեկ ջեմ՝ և ձայնը քոնն է»,- նկատեց բանախոսը:
Վերջինս նշեց, որ մի օր հրապարակվելու են այն անձանց անունները, ովքեր ընտրակաշառք են վերցրել, և հանրությունը տեսնելու է՝ ով է վերցնողը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրի ձայնը բյուջեով հաշվարկված 3.5 հազար դոլար է:
Նույն կուսակցության անդամ Արամ Գյուրջյանն էլ իր խոսքը հղելով հանրությանը` կոչ արեց հրաժարվել ընտրակաշառքներից. «Սթափվե՛ք, այդ փոքրիկ ընտակաշառքների դիմաց տասնապատիկ անգամ ավելի մեծ բան են խլում ձեզանից, չեմ կարծում, թե ձեզ գոհացնում է 5 տարի ջեմ ուտելը»,-ասաց Գյուրջյանը:
Նրա կարծիքով, ընտրակաշառքներ բաժանելու արդյունքում բաժանողները հայտնվում են զավեշտալի իրավիճակներում, երբ ժողովուրդն արդեն բացեիբաց պահանջում է տալ նրան որևէ բան։
«Զավեշտը հասել է նրան, որ դարձել է կոնկրետ ակնկալիք՝ քաղաքական ուժից: Քաղաքացին պատվեր է տալիս քաղաքական ուժերին»,-ասաց Գյուրջյանը և այս անգամ էլ դիմեց վերջիններս։
«Ես այս պահին դիմում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր փորձում են ահաբեկել ընտրողին: Հերի՛ք է ինքնախաբեությամբ զբաղվել, կհայտնվի ավելի հարուստ և զորեղ կաշառող և դուք կմնաք մեն- մենակ այն իրականության հետ, որը ստեղծել եք»,- ասաց Արամ Գյուրջյանը:
Պատգամավորի թեկնածուի կարծիքով, այս ընտրություններում հաղթողը պետք է լինի հասարակությունը և հաղթող՝ ինքն իր նկատմամբ:
«Այս ընտրությունների արդյունքում պետք է ոչ այնքան շեշտը դնենք, թե շեմը անցա՞նք, թե չէ, այլ սկզբունքային, որակական հարցադրման վրա` կամ ունենալու ենք հաղթանակած քաղաքացիական hասարակություն
կամ ահաբեկված, իր ներքին վախերին մատնված և մասնատված հասարակություն»,- նկատեց Արամ Գյուրջյանը









