Թեղուտի միջադեպի առիթով Թումանյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել

12:24 • 18.04.12

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

Ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքում ապրիլի 16-ի երեկոյան «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության աշխատակիցների և մի շարք քաղաքացիների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործը ՝Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (մարմնական վնասվածքներ պատճառելը մի խումբ անձնանց կողմից), այս մասին Tert.am-ին տեղեկացնում են հաղորդվում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Երեկ Ոստիկանության Վանաձորի բաժնից Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ոտքի կոտրվածքով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է դիմել Թեղուտ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ն: Վերջինս հայտնել էր, որ վնասվածքն ստացել է նշված գյուղում, վայր ընկնելու հետևանքով: Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչիկ Ղ.-ն վնասվածքը ստացել է «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:

 

Նույն օրն առավոտյան Թեղուտ գյուղի երեք բնակիչներ Ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում են տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ, 1970թ. ծնված Սամվել Դ.-ն իր աշխատակիցների հետ միասին Թեղուտ գյուղում իրենց տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ:

 

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Ձեռնարկվում են միջոցառումներ անվտանգության աշխատակից Սամվել Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:



Հիշեցնենք, որ երեկ «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի տարածած հայտարարութան մեջ նշվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս։ Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ և որ միջադեպի արդյունքում որոշ անձիք (այդ թվում՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Քանի որ միջադեպի կապակցությամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, «Վալլեքսը» ձեռնպահ էր մնում այդ կապակցությամբ մեկնաբանություններ ու գնահատականներ անելուց:


Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառն այն է եղել, որ երիտասարդներից մեկը պահակային ծառայության աշխատակիցներից մեկի կողքով ավտոմեքենայով անցնելիս փոշի է բարձրացրել:


Հաղորդվում են տեղեկություններ, որ «Վալլեքս» ընկերության անվտանգության ծառայության պետն ու մեկ աշխատանքից ազատված են։ Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի քարտուղար Վահրամ Ավագյանը հայտնեց, որ ցանկացած աշխատակցի աշխատանքից ազատելու հարցը կարող է լուծվել միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով, որով սահմանված են համապատասխան հիմքերն ու ընթացակարգերը:

««Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայումս չունի միջադեպի հետ առնչվող իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավական հիմքեր: Սակայն, հաշվի առնելով միջադեպի զուտ փաստը, որոշում է կայացվել համապատասխան աշխատակիցներին իրենց զբաղեցրած պաշտոններից ժամանակավորա¬պես՝ մինչև իրավապահ մարմինների կողմից միջադեպի հանգամանքների պարզաբանման հետ կապված դատավարական գործողությունների ավարտը, հեռացման մասին»,-հաղորդում են ըներությունից:


Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են ալկոհոլի ազդեցության տակ եղել, ապա ընկերությունոից նշեցին, որ նախապատրաստվող նյութերի շրջանակներում «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ միջադեպի հետ առնչություն ունեցող աշխատակիցներից վերցվել են արյան համապատասխան փորձանմուշներ, որոնց լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ նրանք միջադեպի ժամանակ ոգելից խմիչքների կամ որևէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել:


Իսկ միջադեպի այլ մասնակիցների ոգելից խմիչք օգտագործած լինելու վերաբերյալ տեղեկատվության հարցումով «Վալլեքսից» առաջարկեցին դիմել Ոստիկանության համապատասխան մարմնին: