Ուկրաինայում թուրքական նավ է ձերբակալվել

03:27 • 18.04.12

Ուկրաինայի սահմանապահները Ղրիմի ափերի մոտ թուրքական «Յենի Այ» նավն են ձերբակալել: Ձկնորսական այդ նավը, առանց թույլտվության, ներխուժել էր Ուկրաինայի բացառիկ տնտեսական գոտի, հաղորդում է lenta.ru պարբերականը:

Նավի անձնակազմը բաղկացած է Թուրքիայի 9 քաղաքացիներից: Նավի վրա հայտնաբերվել է կամբալա ձկնատեսակի որսի համար նախատեսված 25 կմ ցանց, և համապատասխան քանակի մետաղական խարիսխներ, արբանյակային կապի հեռախոս, համակարգիչ, որում եղել է ցանցերի տեղակայման շրջանների տվյալների բազան: Նավի կապիտանը պնդում է, որ մտադիր էր Ռումինիայի, այլ ոչ Ուկրաինայի տնտեսական գոտում որս իրականացնել:

Ուկրաինայի սահմանապահ ծառայության տեղեկություններով, նավը տեղափոխվել է Սևաստոպոլ: Պետական սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալությունից մեկ օր առաջ թուրքական նույն նավը ներխուժել էր Ուկրաինայի տնտեսական գոտի, սակայն նախազգուշացվել և հեռացվել էր սահմանապահ գերատեսչության ինքնաթիռի միջոցով: