Սիրիական ընդդիմությունը մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի` Սիրիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովն ընդունել է, որ սիրիական ընդդիմությունը մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խախտումներ է թույլ տվել: Այս մասին այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ ընդդիմությունը նույնպես պատասխանատու է լրջագույն խախտումների համար»,- գրել է ռուս դիվանագետը:
Ի դեպ, վաղը Փարիզում Սիրիայի խնդրին նվիրված հանդիպում կանցկացվի, որին կմասնակցեն 15 երկրների ԱԳ նախարարներ: Նրանց թվում են Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հորդանանի, Կատարի, Մոնակոյի, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները»,- այսօր հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչԲերնար Վալերոն:
Հանդիպում անցկացնելու որոշումը պայմանավորված է Դամասկոսին նոր ազդանշան ուղարկելու ու ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած ծրագրին աջակցություն հայտնելու ցանկությամբ:
Ներկայում Անանի ծրագրի շրջանակներում հրադադար է հաստատվել նախագահ Բաշար ալ Ասադի զորքի ու ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» միջև: Երկրում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագիրը ենթադրում է կողմերի միջև մի շարք պարտականությունների կատարում, մասնավորապես` զինված գործողությունների դադարեցում, հումանիտար օգնության տրամադրում տուժածներին և երկխոսության հաստատում:









