Ամերիկյան հատուկջոկատայինները փրկե՞լ են Կատարը ռազմական հեղաշրջումից. մամուլ
Արաբական ու իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Կատարի բանակը լույս երեքշաբթի գիշերը ռազմական հեղաշրջման փորձ է ձեռնարկել` ցանկանալով գրավել շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Տանիի պալատը, սակայն պետության առաջնորդին փրկել են Միացյալ Նահանգների հատուկջոկատայինները: Լրատվամիջոցների տեղեկություններով` նստավայրի մոտակայքում լսվել են ինտենսիվ կրակահերթի ու պայթյունների ձայներ:
Ստացվել են տեղեկություններ, համաձայն որոնց` գրոհայինների կողմն է անցել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- մայոր Համադ բեն Ալի ալ-Աթըյան:
Ըստ չհաստատված տեղեկությունների` էմիրն ու նրա կինը լքել են կեցավայրը ամերիկացի «կոմանդոսների» ուղեկցությամբ և ամերիկյան ուղղաթիռով տարվել անհայտ ուղղությամբ: Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ շեյխ Համադը կնոջ հետ ներկայում գտնվում է Իտալիայում:
Հեղաշրջման մասին առաջիններից մեկը հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, սակայն 4 րոպե անց հաղորդագրությունը հեռուստաալիքի կայքից հանվել է: Դրա փոխարեն տեղադրվել է լուր այն մասին, որ հեռուստաալիքի ինտերնետային էջը ենթարկվել է հարձակման այսպես կոչված` «Սիրիական էլեկտրոնային բանակի» կողմից:
Որոշ վերլուծաբանների կարծիքով` այս քայլով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի կողմնակիցները փորձում են վրեժխնդիր լինել Կատարի իշխանություններից իրենց երկրի հանդեպ թշնամական վերաբերմունքի համար:









