Պետությունն ու մասնավոր բիզնեսը պետք է նորովի համագործակցեն. ՀՀ վարչապետ

11:42 • 18.04.12

ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ պետք է նոր շեշտադրումներ մտցնել, դա պետություն-մասնավոր բիզնես համագործակցության նոր հարթակի ստեղծումն է, որը կարող է բարձրացնել տնտեսության մրցունակությունը: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Հայաստանի ազգային մրցունակության մասին զեկույցի» շնորհանդեսի ժամանակ հնչած ելույթում:

Վարչապետը նկատեց, որ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնել մասնավոր բիզնեսում առկա ռիսկերից խուսափելու համար. «Իսկ ինչպե՞ս շրջանցել այդ ռիսկերը»,- հարցադրում է հնչեցնում վարչապետն ու պատասխանում՝ լավագույն միջոցը «նոր հարթակի ձևավորումն» է: «Պետություն-մասնավոր բիզնես՝ այս համագործակցության համար պետք է ձևավորվի նոր հարթակ »,-նշեց վարչապետը:

Նրա խոսքով այդ հարթակում պետք է կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների միջև ձեռք բերվեն երկկողմ հստակ պայմանավորվածություններ:

Վարչապետը, միաժամանակ, կարևորեց մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին տրվող աջակցությունը, առանց որի այդ ոլորտը կարող է ձախողվել:

«Միկրո մակարդակում պետք է աջակցություն ցուցաբերենք բիզնեսի ներկակայացուցիչներին: Եթե այդ ոլորտը ձախողվի, պետությունը պետք է հատուցում տա»,-նշեց Տիգրան Սարգսյանը: